ԼՈՒՍԱՆԿԱՐ` ՄԱՐՅՈՒՇ ՉԵՇԵՒՍԿ

Կյանքի թանգարան

Թողարկվել է 07/11/2014

Վարշավայում բացված Լեհաստանի հրեաների պատմության թանգարանը ներկայացնում է Լեհաստանը որպես տարբեր մշակույթների, լեզուների և հավատքների հանդիպման վայր: Լեհաստանի ամենաժամանակակից շենքը, որը բացվել է 2014թ-ի հոկտեմբերի 28-ին, «Եվրոբիլդ» մրցանակաբաշխությանը պարգևատրվել է «Տարվա ճարտարապետական նախագիծ» հեղինակավոր մրցանակով:
«Անկրկնելի, դինամիկ սրահը, ինչպես նաև լուսավոր, ընդարձակ տարածքները արտացոլում են «Կյանքի թանգարան» խորագիրը» – գրված է «2013թ-ի լավագույն արտադրական կամ հասարակական շենքի նախագիծ» անվանակարգում մրցանակի հիմնավորման մեջ: Թանգարանը, որը նախագծել է ֆինլանդացի ճարտարապետ Ռայներ Մահլամակին, գերազանցել է այնպիսի նախագծեր, ինչպիսին են «Պոզնան սիթի սենթեր» առևտրային կենտրոնը, Վելկոպոլսկա վոյևոդության մայրաքաղաք Պոզնանում առևտրային կենտրոնի հետ կապված կայարանը, ինչպես նաև Վարշավայում «Միության հրապարակ» առևտրային-գրասենյակային կենտրոնը:

Նախկինում հրեաների թաղամաս Վարշավայի Մուրանովի կենտրոնում` Վարշավյան գետտոյի պատմական տարածքում, որը կոչվում էր Հյուսիսային թաղամաս, կառուցված շենքը ունի 12,8 հազար մետր քառակուսի օգտագործելի մակերես:Այն նախագծվել է քառակուսի հարթակի վրա` ապակե պատերով խորանարդի տեսքով: Եբրայերեն տառերը սալիկների վրա կազմում են «Պո-լին» գրությունը, որը հղում է լեհական հողի վրա առաջին հրեա վերաբնիկների առասպելին: „P” («Պ») խորհրդանիշը լատինական „p” («պ») և եբրայերեն „pej” («պեյ») տառերի միացությունն է: Թանգարանի մուտքը ունի եբրայերեն Taw («Տաու») տառի տեսքը, որից սկվում են „tarbut” (մշակույթ) և „tewa” (տապան) բառերը:

«Պոլին»-ը որպես թանգարանի անվանում ընտրվել է թանգարանի բացումից երկու ամիս առաջ: Այն բառի հետ, որով հրեաները բնութագրում են Լեհաստանը, կապված է մի առասպել, որը դարձել է «Անտառ» պատկերասրահի` հիմնական ցուցահանդեսի հանրությանը ներկայացված առաջին մասի թեմատիկ հիմքը: Մի քանի ապակե էկրանների վրա ներկայացված են բույսեր և կենդանիներ պատկերող համակարգչային անիմացիաներ: Դրանց շնորհիվ այցելուները տեղափոխվում են միջնադարյան անտառ, որտեղ եկել են 1492թ-ին Իսպանիայից, Պորտուգալիայից և գերմանական երկրներից արտաքսված հրեաները: Համաձայն առասպելներից մեկի` երկրի անունը ընթերցել են որպես «Պոլին», ինչը եբրայերեն նշանակում է «այստեղ հանգստացիր», համաձայն մեկ այլ առասպելի «Պո-լին» գրությամբ թուղթ է երկնքից ընկել: Կրակովի լեգենդար ռաբբի Մեսյա Իսերլեսը, որը ապրում էր XVI դարում, Լեհաստանի մասին գրել է. «Այս երկրում այնքան մոլեռանդ չեն ատում մեզ, որքան Գերմանիայում: Թող այդպես լինի, մինչև Մեսիան գա»:

Ցուցահանդեսի հետ մեկտեղ թանգարանը ստեղծել է «Պոլինի պատմություններ»/ ”Stories of Polin” համացանցային հարթակ, որտեղ զետեղվելու են հրեական մշակույթի հետ կապ ունեցող ողջ աշխարհի մարդկանց պատմությունները:

Շենքի ստորգետնյա հատվածի հիմնական ցուցահանդեսը նվիրված է Լեհաստանի հրեաների պատմությանը սկսած միջնադարից մինչև մեր օրերը: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014թ-ի հոկտեմբերի 28-ին: Այն ցուցադրված իրերով ավանդական սրահ չէ: Ցուցահանդեսի պատմական մասը սկսվում է XII դարի եբրայերեն արձանագրություններով մետաղադրամով: Նրա առկայությունը վառ ապացույց է այն մասին, որ դեռևս վաղ միջնադարում Լեհաստանում ներկա էին հրեա վաճառականները: Բացառապես տպավորիչ է նաև ներկայիս Ուկրաինայի տարածքում ընկած Գվոժջիցե քաղաքի XVII դարի փայտե սինագոգայի կտուրի վերականգնումը: Սինագոգայի ռաստաղը ծածկված է եղել հեքիաթային երփներանգ նկարազարդումներով, որոնք ներկայացնում էին կենդանակերպի հրեական նշանները, Թորայից հատվածներ, ինչպես նաև բույսերի և կենդանիների նկարազարդումներ: Սինագոգան այրվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն առաստաղը վերստեղծվել է շնորհիվ XIX դարի օրիգինալ գծագրությունների և լուսանկարների: Նման հետաքրքիր վայրեր այցելուներն էլ ավելի շատ կգտնեն վարշավյան թանգարանում:

Շենքի այլ հարկերում ներկայացված են ցուցահանդեսի ժամանակակից սրահները, 480 տեղ ունեցող բազմաֆունկցիոնալ սրահ, կրթական և տեղեկատվական կենտրոն, երեխաների համար նախատեսված տարածք, սրճարան, ինչպես նաև թանգարանային խանութ:
Թանգարանի շինության վրա աշխատանքները, որոնք ի սկզբանե քաղաքացիական նախաձեռնություն են եղել, սկսվել են 1995թ-ին` միջազգային կազմակերպությունների և ողջ աշխարհի անհատների աջակցությամբ: 2005թ-ին արդեն Լեհաստանի հրեաների պատմության թանգարանը պաշտոնապես կյանքի կոչվեց` այդ ժամանակ ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկիի հովանավորությամբ: Թանգարանը առաջին մասնավոր-հանրային հաստատությունն է Լեհաստանում, որը ստեղծվել է կառավարության, տեղական իշխանությունների և հասարակական կազմակերպության`Հրեաների պատմության ինստիտուտի կողմից:

Վարշավայի գետտոյի ապստամբության 70-ամյակի կապակցությամբ` 2013թ-ի ապրիլին, փրբ թանգարանն իր դռները բացեց հասարակության առջև, մի հոծ բազմություն այցելեց այն: Միայն առաջին երկու օրերի ընթացքում թանգարանում շրջայց կատարեց 15 հազար մարդ, հաջորդող օրերին` մի քանի հազար ավել: Շատերի կարծիքով շենքը Լեհաստանում ունի լավագույն հարմարությունները հաշմանդամ անձանց համար:

Լեհաստանի հրեաների պատմության թանգարանի նախաձեռնողները նշում են, որ թանգարանը լեհերի և հրեաների հարաբերությունների բեկման վկայությունն է: Նրանք ընդգծում են, որ կառույցը ոչ միայն Լեհաստանի հրեաների մասին տեղեկատվության աղբյուր է, այլ նաև մշակույթների հանդիպման վայր: Թանգարանը ծառայում է նաև որպես Լեհաստանի հրեաների պատմությանը նվիրված դասախոսությունների, ներկայացումների և հանդիպումների կազմակերպման վայր: Իր գործունեության կարևորագույն գաղափարներն են նաև հանդուրժողականությունը, բացությունը և բազմազանությունը: Այդ արժեքներն հիմանսյուն ընդունելով` թանգարանի ստեղծողները ցանկանում են ներկայացնել Լեհաստանի` որպես իսկապես բազմամշակութային երկիրի հսկայական հարստությունը:

Աղբյուր` www.Polska.pl

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *