IMG_7899j

«Լեհական հետքերը» 6. Ալլա Կուզմինսկա

Թողարկվել է 27/09/2014

Հայաստանում լեհական համայնքի ղեկավար Ալլա Կուզմինսկան ծնվել է 1928 թ. Բեսարաբիայում (ներկայումս Մոլդովա), Դնեստրի ափին տեղակայված Սորոկի փոքրիկ քաղաքում:

Կուզմինսկայի մորական կողմի նախնիները Սորոկի են տեղափոխվել 20-րդ դարի սկզբին` Ուկրաինայի Կամենեց –Պոդոլսկի բնակավայրից , իսկ հոր նախնիները , հավանաբար, 19-րդ դարի կեսերին՝ Վոլինի կամ Գրոջիենշչիզնայի շրջաններից:
Նրա հայրը եղել է ավագ տեխնիկական դպրոցի տնօրեն, իսկ մայրը, Ալլայի ծնվելուց հետո թողել է աշխատանքը և զբաղվել իր միակ դստեր դաստիարակությամբ:
Մտավորական ընտանիքի սիրով լի մթնոլորտում ծաղկած խաղաղ մանկությունը դաժանաբար ընդհատեց Համաշխարհային II պատերազմը: Արդեն 1936 – 1937 թթ. Ֆաշիզմը ներթափանցեց Ռումինիա, իսկ 1940 թ. սովետական զինվորականները ներխուժեցին Սորոկի: Մարդկանց ձերբակալում էին, այնուհետև աքսորում դեպի Սիբիր:

«Պատերազմն էր, որ խանգարեց մեր ընտանիքի դեպի Սիբիր աքսորվելուն: Պատերազմը մեզ համար ամպրոպ էր պարզ երկնքում: Արդեն հունիսի 5-ին սարսափահար փախչում էինք և չգիտեինք, թե որտեղ էինք փախչում, թե ումից` գերմանացիների ՞ց, ռումինացիների ՞ց: Պատրաստվում էինք անցնել Դնեստրի վրայով: Աղմուկ, խուճապ, գետը անցնելու համար նախատեսված հարմարությունը դեռ պատրաստ չէ, իսկ գերմանական ինքնաթիռները արդեն ռմբակոծում են: Հենց այդտեղ էլ ես ստացել եմ իմ առաջին մարտական մկրտությունը: Երկնքում երևացին թշնամու ինքնաթիռները: Ես հաշվեցի` յոթն էին: Ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել ափամերձ տարածքը: Ամբողջ գետափը սպիտակել էր, քանի – որ ռումբերից պատառոտվել էին ալյուրի պարկերը, ամենուրեք սփռված էին ինչ-որ իրեր, գետնին էին ընկած մի-քանի ձիերի դիակներ: Մարդիկ թողնում էին ամեն ինչ և թաքնվում էին: Ես թաքնվեցի ինչ-որ թփի տակ վախով նայում էի երկնքին և ուրախությամբ հետևում էի, թե ինչպես են ինքնաթիռները իրար ետևից ընկնում: Սակայն ռմբակոծումը չէր դադարում: Ավարտելով իրենց «աշխատանքը» ինքնաթիռները նորից բարձրացան: Ես հաշվեցի, կրկին յոթ ինքնաթիռ: Իսկ որտեղ էին այն ինքնաթիռները որոնք այդքան արագ ընկնում էին: Այդպես ես առաջին անգամ ծանոթացա սուզվող ինքնաթիռների հետ». – հիշում է Ալլա Կուզմինսկան:

Կուզմինսկիների ընտանիքը անցավ Դնեստրը և մոտ 3 ամսվա դեգերումներից հետո, ամբողջ Ուկրաինան անցնելով, կանգ առավ Դոնի ափին տեղակայված Դերբենուվկա տեղանքում,սուրովինսկու շրջանում, որը դարձավ իրենց ժամանակավոր ապաստանը: Այստեղ Ալլա Կուզմինսկայի հայրն աշխատում էր որպես մաթեմատիկայի ուսուցիչ դպրոցում, իսկ Ալլան սովորում էր յոթերորդ դասարում:
Խաղաղ ժամանակները, սակայն, երկար չտևեցին: 1942 թ. հուլիսի կեսին Գերմանիան վերասկսեց պատերազմական գործողությունները Ռոստովի ու Ստալինգրադի միջև, իսկ Կուզմինսկիների ընտանիքը հերթական անգամ ստիպված էր փախչել:

Սկսվեց սպառիչ և վտանգավոր ճամփորդություն դեպի Արևելք. Երեք ու կես ամիս հետո Կուզմինսկիներն արդեն հայտնվեցին Ղազախստանում` Ժամբիլի մարզում:
1944 թվականին, երբ սովետական բանակը ազատագրում է Բեսարաբիան գերմանացիներից և ռումինացիներից , Կուզմինսկայի հայրը ետ է հրավիրվում Սորոկի և ընտանիքի հետ վերադառնում հայրենիք: Սորոկիում Կուզմինսկան ոսկի մեդալով ավարտում է միջնակարգ դպրոցը:

Մեկ տարի աշխատում է, որպես քարտուղարուհի այնուհետև 1946 թ. հրավերով մեկնում է Մոսկվա` ուսումը շարունակելու: Մոսկվայում, որոշ ժամանակ անց ամուսնանում է և ամուսնու հետ տեղափոխվում Հայաստան, որտեղ սկսվում է նրանց կյանքի նոր շրջանը: Սկզբում ապրում էին Գյումրիում, այնուհետև տեղափոխվեցին Երևան:
1952 թվին ընդունվում է Օտար լեզուների Ինստիտուտի ֆրանսերենի ֆակուլտետ, որը շուտով միավորվում է Ա. Ժդանովի անվան մանկավարժական ինստիտուտին, իսկ հետագայում դառնում Վ. Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական Համալսարան: Գերազանցությամբ ավարտելով համալսարանը` աշխատանքի է անցնում դպրոցում` որպես գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ուսուցչուհի: Այնուհետև ընդունվում է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան` ֆրանսերենի ֆակուլտետը, որը որոշ ժամանակ անց փակում են, գիտական ղեկավարների բացակայության պատճառով: Որպես ֆրանսերենի ուսուցչուհի Ալլա Կուզմինսկան աշխատել է նաև N 58 դպրոցում: 1959թ. վերսկսելով ասպիրանտուրայի դասընթացը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, աշխատում է, որպես մանկավարժություն առարկայի դասախոս` փոխարինելով մանկավարժության ամբիոնի ղեկավարին:

Մանկավարժական գործունեության ողջ ընթացքում լայն գիտական գործունեություն է ծավալել, մասնակցել է համաժողովների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, հեղինակել է 30-ից ավել գիտական և բազմաթիվ լրագրողական հոդվածներ:
1970 թ. Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ Ալլա Կուզմինսկան պարգևատրվել է մեդալով, 1978 թ. արժանացել է «ՀՀ ժողգիտության առաջատար», 1985 թ. «Հայաստանի վաստակավոր ուսուցիչ» և 1986 թ. «Աշխատանքի վետերան» տիտղոսներին:

1996թ-ից հանդիսանում է Հայաստանում լեհերի «Պոլոնիա » միության նախագահ, ՀՀ նախագահի խորհրդականին կից Ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող համակարգող խորհրդի անդամ, ինչպես նաև հասարակական կրթության, երիտասարդության, սպորտի , ԶԼՄ-երի խնդիրներին առընչվող ենթահանձնաժողովի ղեկավար է:
Պարգևատրվել է «Wspólnota Polska» կազմակերպության արծաթե մեդալով և արժանացել է «Fidelis Poloniae» մրցանակին՝ լրագրողական գործունեության համար։
2003 թ -ից Ալլա Կուզմինսկան հանդիսանում է եռամսյակը մեկ լույս տեսնող «Póki my żyjemy» պարբերականի գլխավոր խմբագիր։
Երեվանի Վ.Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական Համալսարանի 75-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, քիչ անց, կրկին ՀՀ նախագահի կողմից ստանում է շնորհակալագիր` ՀՀ նախագահի խորհրդականին կից Ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող համակարգող խորհրդի 10-ամյակի առթիվ` երկարատև և արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
2011 թ. Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին անձամբ հանձնում է Ալլա Կուզմինսկային հատուկ շքանշան Կոմնադորական Խաչը` ի նշան Ժեչպոսպոլիտա Պոլսկային ծառայության:

Ալլա Կուզմինսկան մինչ օրս հանդիսանում է Հայաստանում լեհերի «Պոլոնիա » միության նախագահ, հիմնադրել է միության մասնաճյուղը Գյումրիում և շարունակում է ակտիվ պրոպագանդել լեհական մշակույթը Հայաստանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *