Donald_Tusk_by_W_Dabkowski_PAP

Դոնալդ Տուսկն ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահ

Թողարկվել է 06/09/2014

Լեհաստանի ժառանգությունն ու նրա փորձը կարող են դառնալ էներգիայի կենսական աղբյուր, որի կարիքը ԵՄ-ն զգում է և զգալու է ավելի շատ, քան երբևէ,- ասել է ԼՀ վարչապետ Դոնալդ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահի ընտրություններից հետո: Նա պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ին:

– Եկել եմ Բրյուսել մի երկրից, որը խորապես հավատում է Եվրոպական միության նշանակությանը և չի փնտրում այլընտրանք: Յուրաքանչյուր օր պետք է պատասխանենք Ուկրաինայի բախումների, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում ստեղծված իրավիճակի պայմաններում ովքեր ենք մենք, ինչպես մենք միասնաբար կարող ենք պատասխանել այդ մարտահրավերին,- նշել է վարչապետը:
Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահը վարչապետ է այն երկրում, որը ողջ Եվրոպական միության տարածքում լավագույնս դիմակայեց համաշխարհային ճգնաժամին: Լեհաստանը Միության միակ երկիրն էր, որը 2008-2011թթ.-ին չհայտնվեց անկման եզրին: Ներկայումս այն ծառայում է որպես տնտեսական հաջողության օրինակ:

– Կօգնենք Ուկրաինային, կօգնենք հարավի մեր հարևաններին միայն այն դեպքում, երբ կկարողանանք կառուցել միասնական, միանշանակ տեսակետ: Միաժամանակ պետք է լինենք համարձակ և պատասխանատու: Երևակայությունն ու առողջ բանականությունը պետք է լինեն միասնական հատկապես այն մարտահրավերների հարցում, որոնք ԵՄ-ի հարևանությունում այդքան դրամատիկ են, – ընդգծել է վարչապետ Տուսկը:

Դոնալդ Տուսկի նշանակումը Լեհաստանի դիրքորոշման արտացոլումն է Եվրոպայում: Եվրոպայի քաղաքական առաջնորդները միաձայն համաձայնեցին Տուսկի թեկնածությանը, քանի որ Եվրոպական խորհրդում ցանկանում են տեսնել նոր, եռանդուն ղեկավար:
– Լեհաստանի կառավարության վարչապետի իմ փորձը ցույց է տալիս, որ երկու մարտահրավերների` ֆիսկալ կարգապահության և աճի համակցումը հնարավոր է: Լեհաստանի կառավարության վարչապետ ընտրվելուց հետո` վերջին յոթ տարիների ընթացքում, մենք արձանագրեցինք մոտ 20% ընդհանուր աճ և միաժամանակ պահպանեցինք ֆինանսական կարգապահությունը,- շեշտել է վարչապետը` հավելելով, որ Եվրամիությունը փնտրելու է ուղիներ այդ երկու նպատակների միակցման համար:
– Առաջարկում եմ բարի կամք, փոքր-ինչ երևակայություն, արևելաեվրոպական հետաքրքիր փորձ և, գլխավորապես, մեծ հավատ, որ Եվրոպան ունի և կունենա նշանակալիություն:

– Նոր աշխատակազմը պատրաստ է, – ասաց Հերման վան Ռոմպույը Եվրոպական խորհրդի նոր ղեկավարի և ԵՄ դիվանագիտության ներկայացուցչի մասին` հավելելով, որ Եվրոպական խորհուրդն կատարելապես աջակցում է երկուսին էլ: – Դոնալդ Տուսկը քաղաքական գործիչ է Եվրոպայի համար, – ասել է նա և ընդգծել, որ իր իրավահաջորդը կանգնած է մեծ մարտահրավերների առջև:

– Լեհաստանի խումբը այսօր հսկայական հաջողություն է ձեռք բերել, – այսպես է մեկնաբանել ԼՀ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Դոնալդ Տուսկի նշանակումը Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում:

– Դա ոչ միայն մեծ ճանաչում է Լեհաստանի դիրքորոշման համար, այլև Լեհաստանի հնարավորությունների զարգացում,- ընդգծել է նախագահը:

– Միջազգային ասպարեզում նվաճեցինք ոչ միայն հեղինակավոր, այլև շատ կարևոր պաշտոն, ինչը եվրոպական աշխարհում, Արևմուտքում նշանակում է ոչ միայն Լեհաստանի ձեռքբերումների և դիրքորոշման ճանաչում, այլ նաև Լեհաստանի հնարավորությունների զարգացում,- նշել է Բրոնիսլավ Կոմորովսկին:

Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին ընտվել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավարը, ով Իտալիայի ներկայիս արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին է:

ԼՀ արտաքին գործերի
մամլո քարտուղարություն

Վարչապետ Դոնալդ Տուսկի համառոտ կենսագրական.
Դոնալդ Տուսկը ծնվել է 1957թ-ի ապրիլի 22-ին Գդանսկ քաղաքում: Ավարտել է Գդանսկի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժինը: Այդ համալսարանում էլ դարձել է «Սոլիդարնոստ» ուսանողական միավորման հիմնադիր:

Տուսկը համագործակցել է Ծովափնյա ազատ արհմիությունների հետ: Նա նաև Գդանսկի Ազատ ուսանողական միավորման հիմնադիրներից մեկն էր, «Վիդավնիցտվո մորսկե» հրատարակչատան («Ծովային հրատարակչատան») նախագահը: Աշխատել է նաև «Սամոժոնդնոստ» շաբաթաթերթում որպես լրագրող: 7 տարի շարունակ իր ապրուստը վաստակել է «Սվետլիկ» կոոպերատիվում ֆիզիկական աշխատանք կատարելով:

1997թ-ի ընտրություններից հետո «Ունիա վոլնոստի» («Ազատության միություն») կուսակցության աջակցությամբ Տուսկը ստացավ սենատորի մանդատ: Ընտրվել է 4-րդ գումարման Սենատի փոխնախագահ, ինչպես նաև 2001-2005թթ.-ի 4-րդ գումարման Սեյմի փոխնախագահ: Տուսկը եղել է Սեյմի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր: 2003թ-ի ապրիլից «Պլատֆորմա օբիվատելսկա» («Քաղաքացիական հարթակ») կուսակցության նախագահն է:
Ամուսնացած է: Ունի 2 երեխա` դուստր Կատաժինան և որդի Միխալը:

1 մեկնաբանություն

  1. admin Post author

    Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

    «Վստահ եմ, որ մեր միջև սկիզբ առած կառուցողական երկխոսությունը և հայ-լեհական դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա խորացման վրա»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

    Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ նախագահի կայք էջում :

Leave a Reply to admin Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *