0_50ae5_3c3f8d7f_orig

«Լեհական հետքերը» 4. «Հյուսիսային լանջի իմաստունը»

Թողարկվել է 13/06/2014

DSCN8671

Էդմոնդ Լեոնովիչը հիմնադրել է «Սոճիներ» բացառիկ դենդրոպարկը, կամ այլ կերպ ասած բացառիկ անտառային այգին, որը գտնվում է Ստեփանավանի Գյուլաքարակ գյուղից ոչ հեռու :
Ուղիղ 53 տարի նա անց է կացրել Պուշկինյան լեռնանցքի հյուսիսային լանջերին: Իր երկար կյանքի ընթացքում (մահացել է 90 տարեկանում )աշխատել է պատանեկան ոգեշնչմամբ: Լեոնովիչների ընտանիքի մոտ ընկեր Նելլի Սահակյանը պատմում էր այն մասին, որ Էդմունդ Լեոնովիչի հետ հանդիպումները ոգեշնչում էին նրան գիրք գրելուն և այդ չգրված գիրքը պետք է կոչվեր “Իմաստունը հյուսիսային լանջից” (Պուշկինյան լեռնանցքի հյուսիսային լանջը):

Էդմոնդ Լեոնովիչի մայրը եղել է ֆրանսուհի, ով XIX դարի վերջում նավով եկել էր Բաթում` դաստիարակչուհի աշխատելու համար: Վրաստանում ծանոթանում է մի լեհի հետ, ում ընտանիքն արդեն երկար տարիներ ապրել էր այդտեղ: Լեոնովիչները հողագործներ էին, Էդմոնդը հենց իրենցից է ժառանգել սերը դեպի հողը և բաց տարածքները: Չեր սիրում չոր և քարքարոտ հողը, նախնտրում էր խոնավ և անտառապատ հողերը, ինչը նույնպես պայմանավորված էր նրա լեհական արմատներով:

1931 թ – ին Էդմոնդ Լեոնովիչն ավարտում է Թիֆլիսի Գյուղատնտեսական Համալսարանը: Ուսումն ավարտելուց անմիջապես տեղափոխվում է Հայաստան:
Սկզբում բնակություն է հաստատում Արզնիում, սակայն տեղական չոր և ցամաք հողը չգրավեց նրա` հյուսիսի որդու սիրտը, և միայն Ստեփանավանի Գյուլաքարակի անտառային միջավայրում գտավ խոնավ օդը և վայրի բնությունը:
Լեոնովիչն ամուսնացած է եղել երկու անգամ և նրա թե առաջին և թե երկրորդ կինը հայուհիներ էին:

1933 թ-ին անտառապանները հանձնում են Լեոնովիչին անտառային այգու ողջ տարածքը: Այդ պահից սկսած մոտ կես դարի ընթացքում նա հանդիսանում էր Հայաստանի այդ տարածաշրջանի անտառների “հայրը”: Անտառապատ սարալանջերը դարձան իմաստունի տունը: Լեոնովիչի գլխավոր նպատակը Հայաստանի բնության հարստացումն էր` բույսերի նոր տեսակներ ներմուծելով և աճեցնելով, ինչի շնորհիվ և առաջացավ դենդրոպարկի ստեղծման գաղափարը: Այդպիսով, Անդրկովկասի այդ տարածաշրջանի բնական անտառը վերածվում է արգելոցի:
Անտառն ընդարձակվում էր` զբաղեցնելով արոտավայրերի տարածքները: Դենդրոպարկի մի մասն անտառն է, իսկ մյուսը` այգին: Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի Բուսաբանական այգուց, ինչպես նաև Թիֆլիսից, Կիևից, Մոսկվայից, Պետերբուրգից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից և Չինաստանից` միջազգային փոխանակման նախագծի շրջանակներում:

Անտառը գտնվում է ծովի մակարդակից 1550 մետր բարձրության վրա, զբաղեցնում է 35 հեկտար մակերես, տարածաշրջանի կլիման խստաշունչ է ` դեկտեմբերից մինչև մարտ ձնառատ: Այդ իսկ պատճառով այգում շատ են փշատերև ծառերը` արևմտյան բրգանման տույան, յունը, կանադական մայրին, հիմալայան մայրին, կանադական մոլախինդը և շատ ուրիշներ:
Այստեղ կան հարյուր տարվա պատմություն ունեցող սոճիներ, ինչպես նաև լայնատերև ծառեր, որոնց թվում կեչիներ, վայրի ընկուզենու տեսակներ, խնձորենիներ, տանձենիներ և բարդիներ: Այգում կա նաև եղևնու տեսակ համարվող սեքվոյան` ամենաերկարակեց ծառատեսակներից մեկը, այն կարող է ապրել շուրջ 5000 տարի:

ԽՍՀՄ-ի ժամանակներում այգում կային մոտ 2500 ծառատեսակ, այժմ իրենց թիվը չի գերազանցում 500-ի: “Ներկայումս բազմաթիվ երկրներ աշխատում են օդի մաքրման տարբեր ֆիլտրներ հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչ մեկը դրանցից կատարյալ չէ: Լավագույն ֆիլտրը ծառն է:” – պատմում էր Էդմոնդ Լեոնովիչը Նելլի Սահակյանին:

Լեոնովիչի խոսքի շարունակությունն անկասկած կարող էր դառնալ Նելլի Սահակյանի գրքի մի մասը.
“Սոճին. Ինչպիսի ուժ ունի իր մեջ նրա խեժը: Գիհի անտառների մեկ հեկտարը կարող է սպանել մի ամբողջ գյուղաքաղաքի բակտերիաները: Պնդուկենու ստվերում կարելի է հանգստանալ մի ամբողջ օր, այդ ծառատեսակի մոտ երբեք չեք հանդիպի միջատների, այդ իսկ պատճառով պնդուկենին շատ սիրված է արևելքում: Սակայն գիշերը պնդուկենին այնպիսի նյութեր է արտադրում օդի մեջ, որոնց պատճառով առավոտյան կարելի է արթնանալ գլխացավով: Եթե եղևնու մի փոքր ճյուղ բերեք դասասենյակ, ապա տարածքի օդը միանգամից կփոխվի: Նույնիսկ եթե մեկ հատ „Անտոնովկա” խնձորը բերեք սենյակ, միանգամից փոխվում է տեղի մթնոլորտը: Դեռ ուսանողական տարիներին սիրում էի ինքս ինձ ծաղիկներ գնել: Երբ եկա այստեղ միայն աստղերն էին և անտառի լռությունը, իսկ անտառապահի տնակից կես կիլոմետր հեռավորության վրա գտնվում էր աղբյուրը: Եկել եմ այստեղ ընտանիքիս հետ, ճանապարհներ այդ ժամանակ չկային: Ձմռանը նրանք մեկնում էին Թիֆլիս, քանի որ երեխաները պետք է դպրոց գնային: Երբ մենակ էի մնում, ժամերով զբոսնում էի անտառով և կրակում հրացանից, որպեսզի գոնե ինչ որ ձայն լսեմ:

Էդմոնդ Լեոնովիչն ասում էր, որ բնության յուրաքանչյուր գործ մահանում է յուրահատուկ կերպ: Այդպես, օրինակ, Շվեդլերի թխկու տերևները սկսում են կիտրոնագույն երանգ ձեռք բերել: Իր մահը ցանկանում էր դիմավորել օրվա քրտնաջան աշխատանքից հետո այգու նստարանին նստած. հոգնել, նստել և մահանալ:

Լեոնովիչը մեծ ոգևորությամբ էր կիսվում բոլորի հետ իր գիտելիքներով և փորձով: Ամեն հարմար առիթով կրկնում էր, որ ծառերն ունեն բուժիչ հատկություններ, ինչպես նաև ազդում են մարդու տրամադրության վրա: Ըստ նրա, հոգեբուժարանների կողքին պետք է տնկել մեծ քանակությամբ ծառեր: Օրինակ փշատերև ծառերից տարածվող թույնը կարող է բուժել: Նույնիսկ ծառերի տեսքն է ազդում մարդու հոգեկան առողջության վրա: Սրածայր, վատ դասավորված ծառերը կարող են ճնշել: Հոգեբուժարանների կողքի այգին պետք է լավ նախագծված լինի, ներդաշնակ և համաչափ ծառերով: Կաղնու տերևները ճնշումն իջեցնող հատկություն ունեն, ինչի հետ կապված կաղնիները պետք է տնկվեն այն առողջարանների կողքին, որտեղ բուժվում են բարձր ճնշում ունեցող մարդիկ: Ցանկալի չէ նաև հոգեբուժարանների կողքին վառ կարմիր ծաղիկներ աճեցնել:
Լեոնովիչի կարծիքով դեղագիտության ապագան պետք է պատկաներ միայն բույսերին: Կանխատեսում էր, որ մարդիկ դադարելու են վստահել քիմիական դեղանյութերին և սկսելու են անտառներ տնկել և բույսերից թուրմեր խմել:

Էդմոնդ Լեոնովիչին բազմիցս ձևավորողի աշխատանքներ են առաջարկել Մոսկվայից և Երևանից: Սակայն բոլոր այն մարդկանց նման, ովքեր իրենց դասերը բնությունից, ծառերից քաղելով չէին լքում վայրերը, որտեղ իրենց սիրտն են հանձնել, այնպես էլ Լեոնովիչը մինչև վերջ մնաց իր այգում: Նա դենդրոպարկի ճարտարապետն էր և հայրը:

Հեռացավ հենց այնպես, ինչպես և ցանկանում էր, կարելի է ասել, որ մահացել է այգու նստարանին: Էդմոնդ Լեոնովիչը մահացել է 1986 թ. մարտին: Գյուլաքարակ եկավ 1933 թ., մահացավ 53 տարվա անտառային ճգնավորության մեջ:
Իրենից հետո թողեց մի մեծ կոթող` Հայաստանում նմանը չունեցող իր անտառը:

Էդմոնդի գործը շարունակեց նրա որդին` Վիտալին, ով դենդրոպարկի ներկայիս տնօրենն է: Ցավոք հանդիպում է բազմաթիվ դժվարությունների: Դենդրոպարկն առաջին հերթին գիտական հետազոտությունների կենտրոն է հանդիսանում, որից հետո միայն համարվում է հանգստի և ժամանցի վայր, սակայն վերջին տարիներին գրեթե դադարեցվել է գիտական աշխատանքը: Բոլոր ջանքերն ուղղված են այգին մաքուր և բարեկարգ վիճակում պահելուն:
Ժամանակին այստեղ աշխատում էր ավելին քան 40 մարդ, այժմ աշխատողները միայն 9-ն են: Սակայն Վիտալի Լեոպոլդովիչը չի սիրում բողոքել և անում է ամեն ինչ, որպեսզի իր հոր գործը չմոռացվի: Վիտալին համագործակցում է նաև Հայաստանում Լեհաստանի դեսպանատան հետ, որը ֆինանասկան միջոցներ է հատկացրել այգու որոշ մասը ցանկապատելու, ինչպես նաև ջրամատակարարման ցանցի նորոգման համար:

Էդմոնդ Լեոնովիչի գերեզմանը գտնվում է իր անտառային տանը, ծառերի միջև:
Հենց այդտեղ է նաև գտնվում Լեոնովիչի ձեռքբերումների մասին պատմող հուշաքարը, որը տեղադրվել է Հայաստանում «Polonia» լեհերի միության կողմից` շնորհիվ ԼՀ Սենատի ֆինանասական աջակցության:
Չնայած մարդու հիշողությունը վառ պահելու լավագույն տարբերակը դա քարե հուշաքարը չէ, այլ հոգատար լինելը Էդմոնդ Լեոնովիչի գործի հանդեպ :

191 971043_490962390987846_551149465_n tig-3a

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *