312810_134681513234001_5621845_n

«Լեհական հետքերը» 2 . Գուրգեն Գադաչիկը և իր արվեստը

Թողարկվել է 18/04/2014

Ռեժիսոր, օպերատոր և քանդակագործ Գուրգեն Գադաչիկը հայկական իրականության նշանավոր լեհ դեմքերից է: Ծնվել է 1950 թ-ին Երևանում, լեհական արմատներ ունեցող ընտանիքում: Նրա կինը` Իռենա Կամինսկան նույնպես ազգությամբ լեհ է: Գադաչիկի պապը՝ Իոսիֆ Գադաչիկը բժիշկ էր`Լեհական Թագավորության Բենջին քաղաքի բնակիչ: 1905թ.-ին Լեհաստանում բռնկված բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ընթացքում Կառավարությանն ընդիմացողների շարքում էր նաև Իոսիֆը, և, արժանանալով բազմաթիվ լեհ հայրենասերների բախտին` աքսորվել է Արևելք: Երկար դեգերումներից հետո Իոսիֆ Գադաչիկը բնակություն է հաստատում Հայաստանի Լոռվա մարզում գտնվող Մեծ Պարնի գյուղում: Տեղի բնակիչները մինչ օրս հիշում են լեհ բժշկի մասին, ով միշտ պատրաստակամ էր մարդկանց օգնելու, բուժելու և պարզապես լավ անձնավորություն էր: Գուրգեն Գադաչիկի հայրը՝ Ստանիսլավ Գադաչիկը, եղել է Տիկնիկային թատրոնի տնօրենը, այնուհետև թատերական միության՝ Գյումրիի մասնաճյուղի քարտուղարը: Մայրը՝ մասնագիտությամբ բանասեր էր, հիմնադրել է Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանները, վերջինիս տնօրենն է եղել մինչև 1983թ.: 1972թ. ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1970 թ-ից, դեռ ուսանող լինելով, սկսել է աշխատել հայկական հանրային հեռուստաընկերությունում, որտեղ աշխատել է մինչև 1990 թ.` հեղինակային ծրագրեր վարելով: Իրականացրել է 10-ից ավելի հեռուստատեսային նախագծեր, նկարահանել է մոտ 250 վավերագրական ֆիլմ: Գուրգեն Գադաչիկի ամենահայտնի կինոնկարներից է «Հայոց Մեծերը» ֆիլմը, որը բաղկացած է՝ Խորեն Աբրահամյանի «Առանց վերջաբանի», Մհեր Մկրտչյանի «Վերջին դերը», Սոս Սարգսյանի «Հաղթահարում», Վլադիմիր Մսրյանի «Կյանքն անսկիզբ և անվերջ», Մետաքսիա Սիմոնյանի, և Օհան Դուրյանի «57 Սիմֆոնիա» մասին պատմող ֆիլմերից: Իր մասնագիտական ուղին Գադաչիկը սկսեց ռեժիսորի օգնականի պաշտոնում: 1988 թ-ին ստեղծել է „Թատրոն” Գեղարվեստական Կենտրոնը, որտեղ հավաքագրում էր հայ արտիստների ստեղծագործությունները: Որոշ ժամանակ անց սկսում է նաև աշխատել, որպես ռեժիսոր և կինոօպերատոր: 1994 – 1998 թթ. Գադաչիկը անդամակցում էր ՀՀ Առաջին նախագահ` Լևոն Տեր – Պետրոսյանի գործունեությունը լուսաբանող խմբին: Գուրգեն Գադաչիկը նաև հայտնի քանդակագործ է, ում ճանաչում են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանում և արդեն Լեհաստանում: Գուրգենի ստեղծագործությունը արվեստի մի նոր ուղղություն է, որն արտիստը կատակով կոչում է իր անունով՝ Գուգիզմ: Գադաչիկը կրեատիվ, տաղանդավոր անձնավորություն է, ով ստեղծում է յուրահատուկ, ոսկերչի ճշգրտություն պահանջող ձևեր: «Ես փորձում եմ փոխանցել էմոցիաներ, շարժումներ, և տարբեր երևույթներ փոքր ֆորմաներում»: Մետաղ, զոդիչ, պինցետ և գեղեցիկ մոտեցում- այն ամենը ինչ անհրաժեշտ է պատրաստել այս արվեստի գործերը: Բայց որոշ տեխնիկական գաղտնիքներ քանդակագործը այդպես էլ չի բացահայտում: Նրա քանդակներից շատերը այժմ գտվում են շատ հայտնի մարդկանց մոտ՝ Վլադիմիր Սպիվակովի, Շարլ Ազնավուրի, Կշիշտոֆ Պենդերեցկու, Բրոնիսլավ Կոմորովսկու և այլ համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց մոտ: Այնուամենայնիվ կան ստեղծագործություններ, որոնցից արվեստագետը երբեք չի բաժանվի: Դրանք չափազանց թանկ են ստեղծագործողի համար, քանի որ յուրահատուկ ուղղություն ունեն արվեստի այս ճյուղի մեջ: Իր „պատկերները” Գուրգենը ստեղծում է բացառիկ, յուրահատուկ տեխնիկայով, որը հենց ինքն էր մշակել: „Նկարում է” հեղուկ մետաղով` վարպետորեն ստեղծելով ձևավոր և աբստրակտ կերպարներ: «Մետաղի միջոցով անգամ հնարավոր է տրամադրություն հաղորդել»,- ասում է Գուրգեն Գադաչիկը: Նրա աշխատանքները ընդգրկում են ամենալայն թեմաները` բալետ, պար, զոդիակի նշաններ, գնչուհի, ճակատագրի անիվ, դերասաններ և դիմակներ, երաժշտություն, ճակատագիր, տարբեր տեսարաններ, տիեզերք, սակայն ամենահոգեհարազատը վարպետի համար հանդիսանում է խեղկատակի կերպարը` «Միայն խեղկատակներն են, ովքեր միշտ ճիշտն են խոսում», – ասում է Գուրգենը:

Գուրգեն Գադաչիկը երկար տարիներ պահպանում էր բարեկամական կապերը Հայաստանի «Polonia» Լեհերի Միության հետ, մասնակցում էր համայնքի մշակութային և հասարակական կյանքին: Երբ ակնհայտ է դառնում հայրենիք վերադառնալու փաստը, իր ընտանիքի հետ միասին որոշում է կայացնում Լեհաստան տեղափոխվելու: 2012թ. Աշնանը Գադաչիկների ամբողջ ընտանիքը գալիս է Ռաչիբոժ: Ռաչիբոժի քաղաքապետի ձեռքից Գուրգենը ստանում է լեհական անձնագիր: Այստեղ Գուրգեն Գադաչիկը շարունակվում է զբաղվել իր արվեստով: Ռաչիբոժի պատկերասրահներում արդեն անց են կացվել իր ստեղծագործությունների ցուցահանդեսներ: Ռաչիբոժի Իշխանական Տանը կարելի է տեսնել նրա մի քանի գործերից` «Տոհմածառ», «Օրհնություն», «Պիետա», «Երկընտրանք» և «Արևածաղիկներ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *